Արմինֆո.Հանրապետական պատգամավոր, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է պատգամավորին իրավաբանական օգնություն ցույց տալ և դադարել է նրա պաշտպանը լինել: Այդ մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուքի՚ իր էջում:
«Երեկ վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ.Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ Մ.Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց», - գրել է Հրանտ Անանյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին ԱԱԾ-ն ձերբակալել է Մանվել Գրիգորյանին: Խուզարկությունների արդյունքում նրան պատկանող ամառանոցից և առանձնատնից հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, բացի այդ հայտնաբերվել է չգրանցված զենքի զինանոց` ներառյալ ականանետներ, ինչպես նաև մեծաքանակ օգնություն, որը ներառել է դպրոցականների կողմից հավաքված ծանրոցներից մինչև շտապ օգնութայ մեքենաներ, որոնք նախատեսված են եղել Հայաստանի և Արցախի բանակների զինծառայողների համար:
Նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան և Նոր Նորքի նստավայրում մերժել է Գրիգորյանի փաստաբանների բողոքը, և Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ արգելանքի տակ մինչև նրան պաշտոնապես մեղադրանք առաջադրելը` ձերբակալության պահից 72 ժանվա ընթացքում: Փաստաբանը նաև նշել է, որ դեռ ծանոթ չէ, թե դատարանն իր որոշման մեջ ինչ հիմնավորումներ է նշել. «Դեռ չեմ հասցրել ծանոթանալ դատարանի որոշմանը մանրամասն, չգիտեմ դատարանն ինչ պատճառաբանություններ է շարադրել ձերբակալման իրավաչափության վերաբերյալ»,-նշել է փաստաբանը: Նրա ասելով նախաքննության մարմինները դատավարության ժամանակ չեն ներկայցրել զինծառայողների համար նախատեսված օգնության յուրացմանը Մանվել Գրիգորյանի մեղսակցության ապացույցները, ինչի մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: