Արմինֆո.Կառավարությունը հունիսի 15-ի նիստում Աղվան Հովսեփյանին ազատել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ասելով, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնանկությունն իրականացվել է «Քննչական կոմիտեի մասին՚ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի և 22-րդ հոդվածի 1-ին և 20-րդ ենթակետերի հիման վրա:
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Աղվան Հովսեփյանը հրաժարական էր տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից: Իր հայտարարության մեջ նա, մասնավորապես, հաջողություններ էր մաղթել ՔԿ նոր ղեկավարությանը, նշելով, որ ժառանգություն է թողնում է կայացած կառույց: ՔԿ նախագահը փաստել էր, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից, օրենսդիր իշխանությունից, սակայն կարևորել է նաև ներքին անկախությունը։ «Ձեր ինքնուրույնության դրսևորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով»,- դիմելով ՔԿ ծառայողներին՝ ասել էր Աղվան Հովսեփյանը և կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։
Ուշագրավ է, որ դեռ մեկ ամիս առաջ Հովսեփյանը հայտարարել էր, թե մտադիր չէ հրաժարական տալ, քանի որ իր զբաղեցրած պաշտոնը քաղաքական չէ: Նշենք, որ ՔԿ, Հատուկ քննչական ծառայության, Վճռաբեկ դատարանի ղեկավարները, Հայաստանի օրենսդրության համաձայն, կարող են հրաժարական տալ՝ միայն սեփական ցանկությամբ կամ առողջական վիճակից ելնելով, նրանց չեն կարող ազատել վարչապետի կամ նախագահի որոշմամբ: Այնուամենայնիվ, վերջին մի քանի օրում այդ գերատեսչությունների ղեկավարները հերթով հրաժարականի դիմումներ ներկայացրեցին: Առայժմ իրենց պաշտոնները պահպանում են միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանը: