Արմինֆո.Այսօր կառավարության նիստում կայացված որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի ներկայացուցչի պարտականությունները կկատարի արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանը: Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ սա ժամանակավոր նշանակում է: Նրա հավաստմամբ, այժմ մշակվում է համապատասխան օրինագիծ, ըստ որի՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը նշանակվելու է վարչապետի կողմից՝ արդարադատության նախարարի առաջարկությամբ:
Ինչպես արդեն հաղորդել ենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Գևորգ Կոստանյանը հրաժարական է տվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից։ Իր որոշումը Կոստանյանը բացատրել է Հաայստանում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ և նոր իշխանությունների գալով: Նա նաև համոզմունք է հայտնել, որ նոր թիմը կաշխատի ոչ պակաս նվիրվածությամբ և ամեն ինչ կանի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակն ավելի բարձրացնելու համար:
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 2002-2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ՄԻԵԴ-ի քննությանը հանձնված գանգատների թիվը կազմել է 3.416, որոնցից 1.518-ը ՄԻԵԴ-ը համարել է անընդունելի կամ հանել է իր գործերի ցուցակից: «2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ՝ ՄԻԵԴ-ը Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրել է 93 վճիռ՝ 88 վարույթներով: 4 վարույթներով ՄԻԵԴ Պալատը կայացրել է 2-ական առանձին վճիռ` ըստ էության և արդարացի հատուցման վերաբերյալ: 1 վարույթով Պալատի վճիռը վերանայվել է Մեծ պալատի վճռով: 88 ըստ էության վճիռներից 84-ով ՄԻԵԴ-ն արձանագրել է խախտում, իսկ 4-ով որևէ խախտում չի արձանագրել: 2018 թվականի հունիսի 14-ի դրությամբ՝ ՄԻԵԴ-ի` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացրած և վերջնական դարձած վճիռներով դիմումատուների կողմից ներկայացվել է ավելի քան 23 միլիոն եվրոյին համարժեք հատուցման պահանջ, որից բավարարվել է 1.158.290 եվրոն՚, - նշել է Կոստանյանը: