Արմինֆո. ԱԺ «Ծառուկյան՚ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ այսօր Հայաստանը առողջացման փուլում է:
«Կարծում եմ, որ «ալեկոծումներ՚ տերմինն այսօր բավականին ստույգ է բնորոշում Հայաստանում առկա գործընթացները, քանի որ մենք տևական ժամանակ ապրել ենք լճացման մթնոլորտում և շնչել ենք գարշահոտություն, և եկել է պահը, երբ հարկավոր են ալեկոծումներ, որոնք թույլ կտան ցրել այդ տհաճ հոտը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, համարում են առողջացման գործընթաց: Երկրում իրականացվում են արմատական փոփոխություններ, սակայն դրանք պետք է տեղի ունենան մեր մտածողության մեջ: Չի կարելի փոփոխություն պահանջել ընդդիմախոսից և, միևնույն ժամանակ շարունակել մտածել և գործել հին ձևով՚, - ասել է պատգամավորը հունիսի 14-ին Երևանում անցկացվող «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում՚ խորհրդաժողովի ժամանակ:
Նա, միևնույն ժամանակ, համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եվրոպական վեկտորը ոչ միայն կմնա անսասան, այլև հարաբերությունները կխորանան: Զոհրաբյանը նաև ընդգծել է, որ այսօր Հայաստանը լուրջ ակնկալիքներ ունի ԵՄ-ից: Նա նշել է, որ նոր իշխանության օրոք երկրում ամենուրեք բացահայտվում են կոռուպցիոն սխեմաներ` սկսած մանկապարտեզներից վերրջացրած նախարարություններով: «Համակարգը լիովին կոռումպացված է: Եվ ես կարծում եմ, որ դրանում կա նաև մեղքի ձեր բաժինը՚, - հայտարարել է Զոհրաբյանը` դիմելով Հայաստանում ԵՄ պատվիրակկության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն, ով ներկա էր միջոցառմանը: ԱԺ պատգամավորի ասելով, մեղքն այն է, որ երբ ընդիմությունը բարձրաձայնում էր խնդիրների մասին և խնդրում աջակցել այս կամ այն նախագծի իրագործմանը, որոնք ուղիղ նպատակներին չեն ծառայում, այլ յուրացվում են, ոչ ոք չէր լսում: Զոհրաբյանի ասելով, այն կոռուպցիոն սխեմաները, որոնք այսօր բացահայտվում են, դա դեռ սկիզբն է:
Բացի այդ, նա համոզմունք է հայտնել, որ հարկավոր է լուրջ քննարկումներ անցկացնել Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ` հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ շարժվել: