Արմինֆո. Հենց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքի նախագիծը ներկայացվի Հայաստանի խորհրդարանին, մենք կքննարկենք այն և կներկայացնենք մեր վերջնական որոշումը: Այդ մասին հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը՝ մեկնաբանելով հունիաի 11-ին կառավարության կողմից «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքում փոփոխությունները:
«Ես՝ որպես խորհրդարանի նախագահ, չեմ ցանկանում կարծիք հայտնել այդ հարցի առնչությամբ՝ առաջիկա քննարկումների ընթացքի վրա որևէ կերպ չազդելու նպատակով»,- նշել է Բաբլոյանը:
Այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՀՀԿ-ն քվեարկի այդ օրինագծի կիրառման «օգտին»՝ Բաբլոյանը խուսափողական պատասխան է տվել՝ «կապրենք՝ կտեսնենք»: Նոր կարգի համաձայն, քաղաքացիների աշխատավարձերից հատուկ հիմնադրամի հաշվին կփոխանցվի 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը: Նախկինում այդ հարաբերակցությունը կազմում էր 5 տոկոս` 5 տոկոսի դիմաց: