Արմինֆո. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հավաստիացնում է, որ Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման հետ կապված մտահոգվելու առիթ չկա:
Լրագրողների այն հարցին, թե ինչպիսին է այսօր իրավիճակն առաջնագծում, եթե հաշվի առնենք, որ ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր առաջնագծում կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումների մասին՝ Արտակ Դավթյանն ասել է. «Իրավիճակի էական փոփոխություններ առաջնագծում չկան: Իրավիճակը վերահսկողության տակ է, զգալի կուտակումներ չկան, մտահոգությունների առիթներ նույնպես»:
Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք իրավիճակի սրացումներ սպասել՝ կապված այդ կուտակումների հետ՝ Դավթյանը խորհուրդ է տվել հարցն ուղղել ադրբեջանական կողմին, քանի որ հայկական կողմը մտադիր չէ իրավիճակի սրացման գնալ: Միաժամանակ նա հավաստիացրել է, որ իրավիճակի վերահսկելի է, և իրավիճակի զարգացմանը զուգընթաց որոշումներ են կայացվում:
Խոսելով Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի մասին՝ ԳՇ պետը նշել է, որ այդ առնչությամբ բազմաթիվ պարզաբանումներ են տրվել, այդ թվում՝ կազմակերպվել է փորձագետների և բլոգերների այց այդ հատված՝ ապացուցելու, որ ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունը Բաքվի քարոզչության մասն է կազմում: