Արմինֆո. Միացյալ ազգերի կազմակերպությունում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Սամանթա Փաուերն այցելել է Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Շատ զգացված եմ վերջապես Հայաստանում լինելու առթիվ: Շնորհակալություն եմ հայտնում «Ավրորա» նախաձեռնությանն իր նշանակալի հումանիտար նախաձեռնության համար, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարանին այն կարևոր աշխատանքի համար, որով ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»,- գրել է Փաուերը «Թուիթերի՚ իր միկրոբլոգում:
Սամանթա Փաուերից բացի «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում են
Ջորջ Քլունին՝ Not On Our Watch մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, դերասան եւ կինոարտադրող; Էլի Վիզել՝ «Էլի Վիզել մարդասիրության հիմնադրամի» նախագահ, Նոբելյան դափնեկիր; Հինա Ջիլանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ; Վարդան Գրեգորյան՝ համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ; Գարեթ Էվանս՝ Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ, Ավստրալիայի նախկին արտգործնախարար; Մերի Ռոբինսոն՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ; Օսկար Արյաս՝ Կոստա-Ռիկայի կրկնակի նախագահ, Նոբելյան դափնեկիր;
Շիրին Էբադի՝ Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան դափնեկիր; Լեյմա Գբովե՝ Կանանց խաղաղության եւ անվտանգության ընկերակցության գործադիր տնօրեն (WIPSEN-Africa), Նոբելյան դափնեկիր:
«Ավրորա՚ մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է 2015 թվականին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով: Նախաձեռնությանն արդեն միացել է 300 մարդ և կազմակերպություն: Լրացուցիչ ռեսուրսները «Ավրորա՚ նախաձեռնությանը թույլ են տալիս գործարկել տարբեր մարդասիրական նախագծեր: