Արմինֆո. Հայաստան դեղորայքի ներմուծումը կազատականացվի: Հունիսի 5-ին ԱԺ հանձնաժողովներում 2017 թվականի պետբյուջեի կատարման շուրջ լսումների ժամանակ այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա ասելով, առողջապահության համակարգում բարեփոխումների շրջանակում նախատեսվում է բոլոր շահգրգիռ ընկերություններին հնարավորություն ընձեռել դեղորայք մատակարարել Հայաստան` բոլոր նորմերի պահպանման դեպքում: Նախարարի համոզմամբ, այդ միջոցը կհանգեցնի դեղերի գների նվազման հանրապետության ներքին շուկայում: Ընդ որում, նախատեսվում է, որ պետությունն ինքն է սահմանելու դեղերի ցանկը և առաջարկելու է մատակարարներին:
Նախատեսվում է ուսումնասիրել պետպատվերի շրջանակում Հայաստան ներկրվելիք դեղերն ԱԱՀ-ից ազատելու հնարավորությունը:
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանն ընդունել էր «Դեղերի մասին՚ օրենքի ուղղումները, որոնց համաձայն, երկրի բժշկական կենտրոններին իրավունք էր ընձեռվում դեղորայք ներկրել սեփական կարիքների համար: Այժմ դեղորայք ներմուծելու իրավունքը պատկանում է միայն խոշոր մեծածախ ընկերություններին: 150 ներմուծող ընկերություններից 5-ին բաժին է ընկնում բոլոր մատակարարումների 75 տոկոսը, ինչն անդրադառնում է գների վրա: Այդ առնչությամբ առաջարկվում է ընդլայնել դեղագործության դաշտը: Մասնավորապես, առաջարկվում է հիվանդանոցներին սեփական կարիքների համար դեղեր ներմուծելու իրավուքն ընձեռել` առանց մեծածախ առևտրի լիցենզիայի, եթե հիվանդանոցն ունի դեղատնային գործունեության լիցենզիա: Բացի այդ, առաջարկվում է ֆիզիկական անձանց թույլատրել արտասահմանից դեղորայք ներկրել ոչ միայն սեփական կարիքների, այլև ընտանիքի անդամների կարիքների համար: Ընդ որում, ֆիզիկական անձանց թույլատրվում է ներկրել 10-ից ոչ ավելի անվանման դեղորայք: