Արմինֆո. Հայկական կողմը դեռ նախորդ տարվանից լուրջ աշխատանք է տանում Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների հարցի առնչությամբ: Հունիսի 5-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով Սլովակիայում Հայաստանի դեսպանի աշխատանքին ու այդ երկրից Ադրբեջան սպառազինության մատակարարումներին առնչվող դժգոհությանը:
«Նույնիսկ այժմ այդ աշխատանքը շարունակվում է, և մեր դեսպանն այժմ կարևոր հանդիպում է անցկացնում: Թե Սլովակիայում, թե Չեխիայում մեր դեսպանություններին հավաստիացրել են, որ այդ հարցի առնչությամբ քննություն է տարվում: Հարցն այն է, որ այդ սպառազինության վերջնական սպառողի սերտիֆիկատ էր տրվել մեկ պետության, սակայն այն հայտնվել է միանգամայն այլ երկրում, ինչը նաև ԵՄ համապատասխան կարգավորիչների կոպտագույն խախտում է՚, - փաստել է Բալայանը, հավելելով, որ քննությունը դեռ շարունակվում է: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, որ այն շուտով կավարտվի, և մեղավորները կպատժվեն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել չեխ լրագրողների բացահայտգումների վերաբերյալ, որի համաձայն, Բրատիսլավայի օդանավակայանն օգտագործվում է Սլովակիայի տարածքով Ադրբեջան զենքի մաքսանենգության նպատակով: