Արմինֆո.ՀՀ Պետեկամուտների կոմիտեն հերքում է տնտեսվարողների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին խոսակցությունները:
«ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է բոլոր տնտեսվարողներին` իրենց գործունեությունն իրականացնել բացառապես ՀՀ օրենսդրության շրջանակներում»,-հայտարարել են ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնում՝ ԱրմԻնֆո-ի հարցմանն ի պատասխան:
«Մայիսի 28-ին Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառին համապատասխան, պահպանելով ՀԴՄ շահագործման կանոնները: Խոշոր տնտեսվարողների հետ ինչ-ինչ պայմանավորվածությունների մասին խոսակցություններն իրականության հետ որևէ կապ չունեն»,- ԱրմԻնֆո-ին հայտնել են ՊԵԿ-ում:
Մինչդեռ Հայաստանի մի քանի խոշոր ցանցային սուպերմարկետների սեփականատերերն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ ոչ պաշտոնական զրույցում հավաստիացրել են, որ սուպերմարկետներում վաճառվող գյումթերքից և մսամթերքից 20% ԱԱՀ վճարելու վերաբերյալ ավելի վաղ ընդունված որոշումը վերանայելու մասին կառավարությանը դիմելուց հետո, նախարարների կաբինետը զիջումների է գնացել: «Ըստ էության, կառավարությունը գիտակցել է ընդունված որոշման աննպատակահարմարությունը ու դրա բացասական հետևանքները, և ընդունել է գյուղմթերթի և մսամթերքի մասով հին սխեմայով աշխատելու վերաբերյալ մեր առաջարկը: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ մենք առաջվա պես գյուղմթերք և մսամթերք կգնենք՝ որպես անհատ ձեռներեց, ինչով էլ պայմանավորված է վերջին օրերին այդ ապրանքների գների նվազումը»,- հայտարարել է ցանցային սուպերմարկետների սեփականատերերից մեկը: Ըստ որում, նա գոհունակություն է հայտնել նոր կառավարության քաղաքականության առնրությամբ, որը հաշվի է առնում «բիզնեսի ողջամիտ առաջարկները»: Անցած իշխանությունների ժամանակ դա խնդիր էր: Նրանք սեփական սխալներն ընդունելու բարդույթ ունեին»,- նշել է գործարարը:
Ցանցային սուպարմարկետների մեկ այլ սեփականատեր հայտնել է, որ, կառավարության հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, գոյություն ունեցող սխեման կգործի այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրն օրենսդրական կարգավորում չի ստացել: «Այժմ մենք՝ սուպերմարկետների սեփականատերերս, կառավարության հետ միասին պետք է մշակենք այնպիսի օրինագիծ, որն օրենսդրորեն կամրագրի ներկայումս շուկայում ձևավորված իրողությունները: Այսինքն՝ մենք աշխատելու ենք նախկինի պես, բայց դա կամրագրվի օրենսդրորեն»,- նշել է նա՝ միաժամանակ գոհունակություն հայտնելով այն փաստի առնչությամբ, որ ներկայիս իշխանությունների օրոք խաղի կանոները շուկայում բոլորի համար հավասար են: Այն հարցին, թե ինչու սուպերմարկետների ցանցերի սեփականատերերը չեն ցանկանում գյուղմթերքի և մսամթերքի ոլորտում աշխատել՝ հաշվի առնելով ԱԱՀ-ն, գործարարն ընդգծել է, որ դա կհանգեցնի այդ ապրանքների գների թանկացման ոչ միայն սուպերմարկետներում, այլ նաև ողջ շուկայում, քանի որ մանրածախ շուկայում գները ձևավորում են սուպարմարկետները, որոնք իրականացնում են առևտրի ընդհանուր ծավալի 70%-ը: «Գիտակցելով դա՝ նախկին իշխանությունները գնացել են այդ քայլին, նոր կառավարությունն էլ, ըստ էության, նպատակահարմար է համարել նման որոշումը, պարզապես անհրաժեշտ է օրենսդրորեն ամրագրել ստեղծված իրավիճակը»,- պարզաբանել է զրուցակիցը: