Արմինֆո. Այսօր առավոտից իրավիճակը Ստեփանակերտում կայուն է, բողոքի ակցիաները դադարել են:
Ակցիաները դադարեցնելու մասին որոշում ակտիվիստների կողմից ընդունվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա տեսաուղերձից հետո, ով խորհուրդ է տվել հանրահավաքների նախաձեռնողներին դադարեցնել դրանք և ժամանակ տալ Արցախի իշխանություններին՝ կատարելու վերջին իրադարձությունների առնչությամբ տրված խոստումները:
Արդեն ուշ երեկոյան ակցիայի մասնակիցների հետ է հանդիպել ԼՂՀ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ով հայտարարել է, որ Արցախի իշխանությունները վճռական են տրամադրված տված խոստումները կատարելու հարցում: «Նախագահ Բակո Սահակյանը խոստացել է, որ բոլորը գոհ կմնան, կիրականացվեն կադրային և կառուցվածքային բարեփոխումներ: Եթե ժողովուրդը կրկին դժգոհ մնա և պահանջի մեր հրաժարականը, մենք պատրաստ ենք նաև դրան: Մեր միակ նպատակն է՝ ապահովել Արցախի խաղաղությունն ու բարգավաճումը»,- հավաստիացրել է պետնախարարը:
Նշենք, որ հունիսի 1-ին Ստեփանակերտում ծեծկռտուք է տեղի ունեցել Արցախի քաղաքացիների և ԱԱԾ հատուկջոկատայինների միջև: Ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել: Դրանից հետո Ստեփանակերտում բողոքի ակցիաներ են սկսվել՝ հանրապետության ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով: