Արմինֆո. Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն Հայաստանի համար: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իրանական միջուկային ծրագրից ԱՄՆ դուրս գալը ինչպես կարող է անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա:
«Գիտեք, իհարկե, մտահոգությամբ ենք հետևում այդ զարգացումերին, որովհետև հարցը առնչվում է մեզ համար շատ կարևոր գործընկերների: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն և այս 27 տարիներին,ես չեմ անդրադառնում մեր երկու ժողովուրդների հարաբերությունների ամբողջ պատմությանը, բայց առնվազն այս 27 տարվա ընթացքում մենք հաստատել ենք, ձևավորել ենք հարաբերություններ, որտեղ ի հայտ է եկել և շատ պարզ դրված է մեր հարաբերությունների կենսական նշանակությունը: Միևնույն ժամանակ մենք ունենք շատ հստակ և խորացված օրակարգ մեր մյուս գործընկերոջ հետ՝ ԱՄՆ հետ: Մենք միշտ շատ զգայուն ենք եղել այս հարցում և մենք ջանք ենք ներդրել, որպեսզի բացատրելի դարձնենք մեր քաղաքականությունը: Իրապես 2015 թ. մենք առաջիններից ենք եղել, որ ողջունել ենք գործողությունների ծրագրի համապարփակ, համընդհանուր գործողությունների ծրագրի ընդունումը, ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձևը, որովհետև տեսնում էինք շատ պարզ, բացվող հնարավորությունների լայն շրջանակը, տարածաշրջանի կայունացման առումով և համագործակցության ընդլայնման հնարավորությունների առումով:
Իհարկե, վերջին զարգացումները շատ մտահոգիչ են, մենք պետք է շարունակենք, նորից շատ զգայուն լինելով այս իրողություններին, բացատրելի դարձնել մեզ հուզող հարցերը, մեզ անհանգստացնող հարցերը, դրա վրա հիմնված մեր դիրքորոշումները և պահպանենք մեզ այն դաշտում, որ առավել վնասներ չունենանք մեզ համար: Սա վերաբերում է մեր գործընկերներին, բոլոր այն գործընկերներին, որոնք ներգրավված են այս անմիջական գործընթացին, ներառյալ Իրանին և ԱՄՆ-ին»,- ասել է ԱԳՆ ղեկավարը: