Արմինֆո.Համագործակցության և Հայաստանի բարեփոխումներին աջակցելու խողովակի ուղղություններից մեկը Հազարամյակի մարտահրավերներ շրջանակն է: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հանրապետությունում Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի վերաբացման հնարավորություններին:
«Այդ շրջանակում, այո՛, մենք ունենք երկխոսություն Միացյալ Նահանգների հետ և վստահորեն մենք փորձելու ենք անել ամենը, որպեսզի ապահովենք այս աջակցության ապահովումը այդ խողովակով, թե ցանկացած այլ խողովակով , բայց, այո՛, մենք ունենք որոշ, այսպես ասած, մտադրություններ, մեր ամերիկյան գործընկերիների կողմից մտադրություններ՝ դրական առումով անդրադառնալու այս հարցերին:
Պատասխանելով այն հարցին, թե մինչև խորհրդարանական ընտրությունները մտադիր է արդյոք վարչապետն այցելել ԱՄՆ՝ Մնացականյանը նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետն արդեն իր առաջին այցերն է սկսել իրականացնել. Վրաստանի այցը եղավ այս շաբաթ, և սա շատ կարևոր գործառույթ է վարչապետի օրակարգում արտաքին հարաբերությունների մասով: ԱՄՆ բնականաբար ուղղություններից մեկն է, որտեղ վարչապետը կատարելու է նման գործառույթ: Նույնքան ուրախ կլինենք Հայաստանում հյուրընկալել մեր գործընկերներին ԱՄՆ-ից, թե ցանկացած այլ տեղերից մեր մյուս բոլոր գործընկերներին: Սա բնականոն աշխատանք է, որը մենք պետք է իրականացնենք և իրականացնելու ենք, որոշ ուղղություններով՝ ամենամոտակա ժամանակներում»,- ասել է ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ 2006 թվականին Հայաստանի կառավարությունն ու «Հազարամյակի մարտահրավերներ՚ կորպորացիան ստորագրել էին համաձայնագիր` նպատակաուղղված գյուղերում աղքատության մակարդակի նվազմանը: Ծրագրի շրջնակում ներդրումների ծավալը կազմել էր շուրջ 177 մլն դոլար: Ծրագիրն ավարտվել է 2011 թվականին: 2017 թվականի ապրիլին ANCA ներկայացուցիչների հետ առցանց երկխոսության ընթացքում Ռիչարդ Միլզը հայտարարել էր, որ ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ՚ կորպորացիայի դրամաշնորհի հնարավոր տրամադրումը Հայաստանին մեծապես կախված է առաջիկա խորհրդարանական ընտրություններից: