Արմինֆո. Գոյություն ունի Հայաստանի կառավարության ծրագիր, որով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կղեկավարվի իր աշխատանքում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացում Արցախի ներգրավման անհրաժեշտության մասին Հայաստանի հավաստումների անհիմն լինելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարություններին:
«Վերոհիշյալը, ինչպես նաև Հաջիևի այլ հայտարարությունները մեկնաբանելն ինքնին ծիծաղելի է, քանի որ ադրբեջանցի դիվանագետն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին և ցանկանում է ներկայացնել այն Ադրբեջանին ձեռնտու լույսի ներքո, քանի որ դա նրա աշխատանքն է: Բայց դա նույնպես հարկավոր է անել արժանապատվորեն, ցավոք, դա նրա մոտ չի ստացվում: Արդեն կա Հայաստանի կառավարության ծրագրի նախագիծ, խորհրդարանի կողմից վերջինիս հավանության արժանանալու դեպքում մեր աշխատանքում կղեկավարվենք հենց այդ ծրագրով: Ոչ Հաջիևը, ոչ Մամեդյարովն ի վիճակի չեն փոխել Հայաստանի կառավարության ծրագիրը կամ ազդել դրա վրա»,- ընդգծել է Բալայանը:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ «բանակցային գործընթացին անջատողական ռեժիմի մասնակցության վերաբերյալ Հայաստանի նոր կառավարության հավաստումները բացարձակապես անհիմն են, ծիծաղելի և ոչ կառուցողական: Հայաստանը պատասխանատվություն է կրում՝ որպես ուժային ճանապարհով Ադրբեջանի տարածքներն օկուպացրած և այդ տարածքներում իր ռազմական ներկայությունը պահպանող պետություն: Այդ միջազգային-իրավական պատասխանատվությունը ինքնաբերաբար հակամարտության կողմ է դարձնում Հայաստանին»,- ասել է նա:
Ըստ Հաջիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենք են հայտարարել Հայաստանի այդ դիրքորոշման անհիմն լինելու մասին մայիսի 15-ին Փարիզում արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: «Ըստ երևույթին, Հայաստանի նոր ղեկավարությունը, ընդունված ձևաչափի հիման վրա հակամարտության լուծման ուղղությամբ աշխատելու փոխարեն, նման անհիմն հավաստումներով փորձում է խափանել բանակցային գործընթացը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: