Արմինֆո.Հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների մակարդակը գոյություն ունեցող ներուժին չի համապատասխանում: Այդ մասին հունիսի 1-ին Հայաստանում Ղազախստանի դեսպանատան և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Եվրասիական ինտեգրման նոր մարտահրավերներ և սպառնալիքներ» կլոր սեղանի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Նրա համոզմամբ, մոտ ապագայում կառավարությանը կհաջողվի կարգուկանոն հաստատել արդարադատության համակարգում, երկրում կհաստատվի օրենքի գերակայություն, ինչն իր հերթին կարող է դրական անդրադառնալ երկրի ներդրումային մթնոլորտի և խոշոր ներդրողների ներգրավման վրա: Նրա խոսքով, կա տարեկան 4-5 մլրդ դոլար ներգրավելու հնարավորություն, ավելին՝ այդ գումարի մի մասը գտնվում է Հայաստանում, պարզապես չի աշխատում: Այս առնչությամբ նա կարևոր է համարում ներդրումային-տնտեսական կապերի ուժեղացումը գործընկեր երկրների հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ գծով: Նրա խոսքով, հայ-ղազախական տնտեսական հարաբերությունների մակարդակը գոյություն ունեցող ներուժին չի համապատասխանում: Ապրանքաշրջանառության ծավալները ծիծաղելի են: «Կարծում եմ, որ մեր երկրները պետք է զարգացնեն փոխգործակցությունն այն ոլորտներում, որտեղ մինիմալ է տրանսպորտային գործոնը, օրինակ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը»,- ասել է Մելքումյանը: Միաժամանակ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ հայկական տնտեսությանը լուրջ խթան կարող է հաղորդել փոքր և միջին բիզնեսի զարգացումը:
Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառությունը 2017 թ. կազմել է շուրջ $9 մլն՝ 59% տարեկան աճով: Ըստ որում, արտահանումը կազմել է շուրջ $5 մլն՝ 1.2% տարեկան անկումով, ներմուծումը ՝$4 մլն՝ տարեկան 6 անգամ աճով: