Արմինֆո. «ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք՚, - «Ֆեյսբբուքի՚ իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրիուն Հովհաննիսյանը:
«Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն՚, - գրել է ՊՆ մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ «Ծառուկյան՚ դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հայտարարել էր, թե ադրբեջանական ԶՈՒ նախիջևանյան ուղղությամբ զգալիորեն առաջ են տարել իրենց դիրքերը` դեպի Հայաստանի սահման, ինչի արդյունքում սահմանամերձ գյուղերի բնակիչները վախենում են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել սահմանամերձ հողամասերում: