Արմինֆո.Առևտրով զբողվող ցանցային ընկերությունները նախազգուշացվել էին, որ նախկին ղեկավարության հետ ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածություններն այսուհետ իրական չեն, և վերջիններս կարճ ժամկետներում պետք է վերադառնան օրինական դաշտ: Այդ մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անանյանի խոսքով, նախօրեին հանդիպում է տեղի ունեցել սուպերմարկետների ցանցերի 10-12 ներկայացուցչի հետ, այդ թվում՝ Նոր Զովք, Երևան սիթի, ՍԱՍ: Նրանց 3-5 օր ժամանակ է տրվել՝ հսկիչ-դրամարկղային մեքնենաների հետ կապված ծրագրային խնդիրների կարգավորման նպատակով: «Մենք բացատրել ենք նրանց օրենքի պահանջները: Անուղղակի հարկերը չպետք է մասնակցեն գնագոյացման հաշվարկներին»,- ասել է նա:
Ինչպես նշել է ՊԵԿ ղեկավարը, ԱԱԾ-ի գործընկերները տեղեկացված էին իշխանության հետ բիզնեսի պայմանավորվածությունների մասին: Ագրոարտադրանքի մասով, որտեղ ապրանքի փաստաթղթավորման հետ կապված խնդիրներ կան, ինչպես նշել է Անանյանը, պայմանավորվածությունը կայանում էր այն բանում, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումը սուպերմարկետում իրականացվել է առանձին անհատ ձեռներեցների կողմից: «Ըստ էության, 5 տոկոս շրջանառության հարկ է վճարվել, այնինչ՝ պետք է վճարվեր 20 տոկոս»,-պարզաբանել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն: Հաղորդվել էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան սիթիներում» գանձապահները «կողմնակի» ՀԴՄ-ներով են աշխատում: Այսինքն՝ այս սուպերմարկետում առևտուրը կատարվում է ոչ միայն «Ալեքս հոլդինգի» ՀԴՄ-ով, այլ նաև առանձին Ա/Ձ-ների միջոցով՝ ԱԱՀ-ի շեմը չգերազանցելու նպատակով:
Արդեն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում ստուգումները և հայտարարել, որ Հայաստանում շարունակվում է օրինականության հաստատման գործընթացը: Ըստ որում, նա հերթական անգամ հայտարարել է, որ վենդետա չի լինի: «Բայց ոչ ոք թող դա թուլության նշան չհամարի: Վենդետա չի լինի, բայց ամենաթողություն էլ չի լինի: Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, ջախջախիչ հակահարված կստանա »,- ասել է Փաշինյանը: Նա կոչ է արել բոլորին կատարել պետության հանդեպ իրենց պարտավորությունները: «Կոչ եմ անում բոլորին վերահաշվարկել նախկինում չվճարված հարկերը, որպեսզի դա չանի ԱԱԾ-ն»,- ասել է Փաշինյանը: