Արմինֆո. ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լի է կոռուպցիան արմատախիլ անելու ցանկությամբ և պատրաստակամությամբ: «Հուսով եմ, որ իմ պաշտոնավարման վերջում կասեմ՝ ցտեսություն կոռուպցիա, դու այլևս չկաս»,- մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Նրա խոսքով, այսուհետ Հայաստանում արտոնյալներ չպիտի լինեն, մարդկանց աշխատանքի կընդունեն՝ բացառապես մասնագիտական որակավորմամբ, առանց ծանոթի: Առնվազն, ինչպես հավաստիացրել է Սանասարյանը, ինքը հնարավոր ամեն բան կանի դրա համար:
Միաժամանակ ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետը մտադիր է ուսումնասիրել հասարակական տրամադրությունները՝ հասկանալու, թե որ ոլորտն է ամենից շատ հետաքրքրում ժողովրդին, և որից սկսել ստուգումները: Բայց, քանի որ «թավշյա» հեղափոխության հիմնական շարժիչ ուժն ուսանողներն են, ՀՀ պետական վերահսկողական ծառայությանն իր ստուգումները կսկսի պետական բուհերում: «Առաջիններից մեկը Երևանի պետական համալսարանը կլինի, կլինեն նաև այլ պետական բուհեր»,- ասել է նա: