Արմինֆո. Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը գտնում է, որ, այսպես թե այնպես, հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Այն, որ ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում չի համապատասխանում ստեղծված իրողություններին, փաստ է»,- Սարդարապատում լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա:
Նրա խոսքով, այսօր Հայաստանը, որպես պետություն, պետք է պատրաստ լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ ընտրական համակարգը՝ իր բոլոր ենթակառուցվածքներով, պետք է փոփոխությունների ենթարկվի: Այդ ջանքերը, ինչպես նշել է նա, կարևոր են նաև՝ իշխանության ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացման տեսակետից:
Միաժամանակ նախարարը զերծ է մնացել ընտրությունների անցկացման հնարավոր ժամկետները նշելուց: Նա կարծիք է հայտնել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացնելիս կանդրադառնա այդ թեմային, և այդ ժամանակ պարզ կդառնա, թե երբ և ինչ պայմաններով են անցկացվելու այդ ընտրությունները: