Արմինֆո.«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Ասոցիացիա) գործադիր կազմի ներկայացուցիչները՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանի և իրավաբան Էմիլ Միրզոյանի, հյուրընկալվել էին ՀՀ բնապահպանության նախարարություն, որտեղ տեղի ունեցավ հանդիպում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի հետ։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի» մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ Ասոցիացիան բարձրաձայնեց մի շարք հիմնախնդիրներ, որոնք վերաբերվում են մեծապես ջրերի կառավարման համակարգում առկա օրինախախտումներին, չարաշահումներին, կոռուպցիոն հիմնահարցերին, տեխնիկական և օրենսդրական թերացումներին և թերություններին, որոնք հսկայական ազդեցություն են թողնում երկրում վերականգնվող էներգիայի զարգացման խաթարման վրա։ Մասնավորապես, շոշափվեցին ոլորտում առկա այնպիսի կենսադինամիկ հիմնահարցեր, ինչպիսինն են գետերի էկոթողքի սահմանման իրավանորմատիվային պահանջների պարտադիր վերանայման, ջրաչափական մեխանիզմների արդիականացման, ջրօգտագործման իրավունքների ապահովման, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և ստորադաս կառույցի՝ «Արփա-Սևան» ԲԲԸ-ի կողմից որոշ լիազորությունների և գործառույթների չկատարման կամ դիրքերի չարաշահման, սույն կառույցների բարեփոխումների շուրջ հիմնահարցեր։
Ասոցիացիան հնչեցրեց առկա մտահոգությունների և հետևողականության մասին՝ միտված խնդիրների անաչառ, օբյեկտիվ և հրատապ կարգավորմանն ու հանգուցալուծմանը։ Որպես ճգնաժամային և հրատապային հիմնախնդիր՝ Ասոցիացիան կարևորեց Եղեգիս գետի շուրջ ծագաց հիմնախնդիրներն ու դրանց վաղաժամ հանգուցալուծումը՝ հիմնավորելով Եղեգիս գետի վրա գործունեություն ծավալող ՓՀԷԿ-երի իրավական շահերի պետական ապահովման ու օրենքով սահմանված կարգով ջրերի ապահովման և արդյունավետ կառավարման պահանջը։ Կողմերը համակարծիք էին այն հիմնահար հարցի շուրջ, որ Սևանա լճի ջրահավաքումը պետք է իրականացվի ոչ ի վնաս ՀՀ օրենսդրությանը, օրենքներին և այլ իրավական նորմերին, ինչն էլ առաջնապես ենթադրում է Սևանա լճի մասին օրենքի պահանջների իրականացում՝ հիմնված մեծապես Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի լիարժեք գործածման կարևորության վրա, որտեղ Եղեգիս գետի մասնակցության մասին ոչինչ չի նշվում։ Ըստ այդմ, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․ Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց մանրակրկիտ զննություն իրականացնել սույն հանգույցի չշահագործման հիմնարար պատճառները բացահայտելու շուրջ, որի արդեն իսկ չշահագործումը և փոխարենը Եղեգիս գետը դրա փոխարեն ծառայեցնելը հակասում է Սևանա լճի մասին օրենքին։
Հանդիպման վերջում կողմերը բարձր գնահատեցին փոխհամագործակցության երբեմնի բարի համբավը վերականգնելու, նոր կառուցողական դաշտ տեղափոխելու և օրակարգային քննարկումների լիարժեք ֆորմատ ձևավորելու պատրաստակամության վերաբերյալ։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց ձևավորել աշխատանքային օրակարգ՝ հստակ ժամանակացույցով և նպատակային գործառույթներով։