Արմինֆո. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրեց Ալեն Սիմոնյանի լիազորությունները որպես Երևանի ավագանու անդամի:
Ալեն Սիմոնյանին ուղղված նամակում Տարոն Մարգարյանը գրել էր, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածը հստակ սահմանում է պատգամավորական մանդատի անհամատեղելիության դեպքերը, համաձայն որի՝ «պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում», իսկ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի հրաժարական տալու կարգը, ժամկետները և լիազորությունները դադարելու պահը:
«Շնորհավորում եմ Ձեզ Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն եմ հայտնում այս մեկ տարվա ընթացքում Երևանի ավագանու աշխատանքներում Ձեր ունեցած ներդրման համար։ Դուք մշտապես հետաքրքիր հարցեր եք բարձրացրել մեր քննարկումներում և իհարկե լիահույս եմ, որ ՀՀ Ազգային Ժողովում կշարունակեք Ձեր ակտիվ գործունեությունը՝ չմոռանալով, իհարկե, բարձրաձայնել Երևանի հոգսերի և բարեփոխումների մասին: Հուսով եմ, որ Ձեր փոխարեն Երևանի ավագանի մուտք կգործի նույնչափ բանիմաց և սրտացավ քաղաքացի, որն իր ներդրումը կունենա և մասնակիցը կլինի Երևանի զարգացման և շենացման միասնական գործին»,-ասված է նամակում: