Արմինֆո. Արտահերթ ընտրությունների անցկացման մասին որոշում պետք է կայացնեն երկու լուրջ սուբյեկտներ` հայ ժողովուրդը և Ազգային ժողովը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը` 2017 թվականի Նախագահի մրցանակի դափնեկիրներին պարգևների հանձնման արարողությունից հետո: «Եթե կայացվի այդպիսի որոշում, ապա նախագահի պարտականությունը կլինի իր լիազորությունների սահմաններում ապահովել, որպեսզի այդ ընտրությունները լինեն արդար՚, - ասել է Հայաստանի նախագահը:
Պատասխանելով քաղբանտարկյալների հարցի նկատմամբ իր դիրքորոշմանն առնչվող հարցին` Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Դիրքորոշումը պարզ է և հստակ. Հայաստանում քաղբանտարկյալներ չպետք է լինեն` ոչ երեկ, ոչ այսօր, ոչ վաղը՚: Ավելի հստակեցնելով ասվածը` նախագահը հաղորդել է, որ իրավապաշտպան կազմակերպություններից ստացել է որոշ փաստաթղթեր, որոնք առաջիկայում կուղարկվեն կառավարություն և համապատասխան նախարարություններ: «Եվ, բնականաբար, եթե դուք կարդացել եք ՀՀ սահմանադրությունը, ապա այնտեղ ասվում է, որ հարկավոր է սպասել, մինչև կառավարությունը և վարչապետը կայացնեն որոշումներ՚, - ասել է նա: