Արմինֆո.Այն լուրերը, թե Երևանի բուսաբանական այգում 500 ծառ է հատվել, իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Սահակ Վարդանյանը, անդրադառնալով ԶԼՄ-ների հաղորդումներին այն մասին, թե այգում ծառահատում է իրականացվել` զվարճանքի համալիր կառուցելու նպատակով:
Նրա ասելով, այգում ոչ մի ծառ չի հատվել, ընդհակառակը, մարտին 500 ծառ է տնկվել: Նա նաև հաղորդել է, որ առաջիկայում Բուսաբանական այգում նախատեսվում է տնկել ևս 100 ծառ:
Անդրադառնալով անցկացվող շինարարական աշխատանքներին առնչվող տեղեկություններին` նա ընդգծել է, որ դա արդեն ապատեղեկատվություն է: «Այգում ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվում: Պարզապես, տեղամասերից մեկում ամռան շրջանում վրան կտեղադրվի` տարբեր միջոցառումներ, խորհրդաժողովներ, համերգներ անցկացնելու նպատակով՚, - հայտարարել է փոխտնօրենը, պատրաստակամություն հայտնելով տրամադրել Բուսաբանական այգու նշված տեղամասի լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, որ ոչ նախկինում, ոչ ներկայում այնտեղ ծառ չի եղել: Նա նաև նշել է, որ ցրտերն սկսվելուն պես վրանը կապամոնտաժվի: