Արմինֆո. Արցախյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակով, որում, մասնավորապես, ասված է.
«Անշուշտ, ողջունելի է, որ Դուք սկզբունքորեն մերժում եք «հեռախոսային» արդարադատությունը: Սակայն օրենքի գերակայությունն արժեք ու իմաստ ունի, եթե ծառայում է իրավունքի գերակայությանը:
Ուստի, մերժելով ուղիղ կառավարման այդ անօրինական տարբերակը, Դուք կարող եք և պարտավոր եք օգտագործել անուղղակի կառավարման, առաջնորդային կառավարման բոլոր հասանելի իրավաչափ լծակները՝ դատախազությունում և դատարաններում մթնոլորտ փոխելու, սաբոտաժը չեզոքացնելու և դրանց կողմից արդար որոշումների կայացումը երաշխավորելու համար:
Մինչ օրս, սակայն, տպավորություն է առաջացել, որ Դուք լվացել եք Ձեր ձեռքերը և քաղբանտարկյալներին ու քաղաքացիներին հորդորում եք ապավինել հանցագործ դատախազների և դատավորների հոգևոր ու բարոյական վերափոխման հրաշքին:
Դրա հետևանքով առաջացած տարակուսելի անորոշությունն է պատճառը, որ Հիմնադիր Խորհրդարանի նախագահ Գարեգին Չուգասզյանը արդեն մեկ ամիս չի դադարեցնում հացադուլը՝ պահանջելով գոնե ցույց տալ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ալգորթիմը: Առավել ևս նրա պահանջը ոչ միայն արդարացի է, այլև նպաստում է հեղափոխությանը և օգնում է հեղափոխական կառավարությանը, Նոր Հայաստանը մեկընդմիշտ ձերբազատելով քաղբանտարկյալների առկայության անպատվաբեր խարանից:
Մեկ ամսվա հացադուլն, ի դեպ, մարդու օրգանիզմի համար կրիտիկական սահմանին մոտ վիճակ է առաջացնում:
Հուսով ենք, որ քայլ կանենք և կլուծեք հեղափոխության փորձաքար դարձած այս պրոբլեմը»,- ասվում է նամակում: