Արմինֆո. Գերմանիայի դաշնային կառավարությունը պատրաստ է ոչ միայն պահպանել առկա տնտեսական կապերը, այլ նաև քայլեր ձեռնարկել համագործակցության հետագա
զարգացման ուղղությամբ:Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ
Ջանջուղազյանի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է
Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս
Քիսլերը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Քիսլերը Ատոմ
Ջանջուղազյանին շնորհավորել է ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնն
ստանձնելու կապակցությամբ:
Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը
մտադիր է շարունակել իրականացնել օրակարգում առկա բոլոր ծրագրերը:
Նախարար Ջանջուղազյանը ընդգծել է պետական ֆինանսների արդյունավետ
կառավարման կարևորությունը և նշել, որ այս հարցում մեծ ներդրում ունեն
գործընկեր-պետություններն ու միջազգային ֆինանսական կառույցներն
ինչպես ֆինանսական աջակցության, այնպես էլ մշակույթի և փորձի
փոխանակման տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ֆինանսական և տեխնիկական
հարցերով հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական
նիստը ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում անցկացնելու
հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են նաև ընթացիկ
համագործակցության այլ հարցերի և կարևորել համագործակցության
ընդլայնման հեռանկարները: