Արմինֆո.Մայիսի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհրդարանում Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը վերահաստատել է ավստրիացի պատգամավորների հանձնառությունը՝ Հայաստանի և հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները զարգացնելու և խորացնելու, Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերն ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու հարցում:
Ավստրիացի խորհրդարանականների խնդրանքով դեսպան Կիրակոսյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, հարևան երկրների հետ ՀՀ փոխհարաբերությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Երևանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:
ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ Ավստրիայի խորհրդարանը շուտով կավարտի Հայաստան-ԵՄ համապարփակ և խորացված համագործակցության պայմանագրի վավերացման գործընթացը: Այնուհետև դեսպան Կիրակոսյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած գործընթացները, հասարակության աջակցությունը վայելող կառավարության ձևավորումը: