Արմինֆո.Բուլղարիան Հայաստանին շնորհավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր կառավարության ձևավորման կապակցությամբ: Նախօրեին այդ մասին հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակչիևան` Երևանում Արիության և բուլղարական բանակի օրվան նվիրված տոնակատարության ժամանակ:
«Որպես ԵՄ խորհրդում նախագահող երկիր` Բուլղարիան Հայաստանին մաղթում է հաջողություն ժողովրդավարական և բարեկեցիկ հասարակության ձևավորմանն ուղղված բարեփոխումների գործում՚, - ասել է դեսպանը:
Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ ամեն տարի մայիսի 6-ին Բուլղարիան նշում է Արիության և բուլղարական բանակի օրը, հարգանքի տուրք մատուցելով պաշտպանության ուժերին, որոնց հիմնական առաքելությունն ու առաջնային խնդիրը Բուլղարիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային միասնության ապահովումն է: Որպես ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ` Բուլղարիան հավաքական միության անվտանգության մի մասն է:
Վարելով հաշվեկշռված և հետևողական արտաքին քաղաքականություն` Բուլղարիան վստահորեն կարող է իրեն համարել Հարավ-արևելյան Եվրոպայի և Սևծովյան տարածաշրջանի անվտանգության գործոններից մեկը: Մայիսի 17-ին Սոֆիայում տեղի կունենա ԵՄ խորհրդի գագաթնաժողով` Բուլղարիայի նախագահությամբ, որի նպատակն է Արևմտյան Բալկանների եվրոպական հեռանկարների հաստատումն ու Եվրամիության հետ կապերի ամրապնդումը՚, - ասել է Պավլովան:
Միևնույն ժամանակ, բուլղարացի դիվանագետն ընդգծել է, որ բուլղարական նախագահությունը պաշտպանում է ԵՄ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության հետագա խորացումը: «Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք ողջունում ենք ՀՀ նոր կառավարության պատրաստակամությունը` պահպանելու ԵՄ հետ փոխգործակցությունը համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի մանրակրկիտ իրագործման միջոցով: Այդ առնչությամբ ուրախ եմ հաղորդել, որ առաջիկայյում Բուլղարիայի խորհրդարանը կվավերացնի Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը՚, - եզրափակել է դեսպանը: