Արմինֆո. Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը Հիմնադիր խորհրդարանի նախագահ Գարգին Չուգասզյանին հորդորել է դադարեցնել հացադուլը: «Կրկին ու կրկին խնդրում եմ Գարեգին Չուգասզյանին դադարեցնել հացադուլը։
Ինչպես մի քանի օր առաջ քրեակատարողական հիմնարկում նրան տեսակցելիս մեր մասնավոր խոսակցության ժամանակ, այնպես էլ հիմա հրապարակավ հավաստում եմ, որ քաղաքական հայացքների համար շինծու մեղադրանքներով բանտարկված կամ զանազան արարքների համար քաղաքական պատճառներով պայմանավորված ոչ համաչափ պատիժ ստացած մարդկանց ազատության հարցը մեր առաջնային օրակարգում է։ Նորից ու նորից հավաստում եմ՝ մենք ապրում ենք Նոր Հայաստանում, որտեղ քաղաքական պատճառներով բանտում հայտնված մարդիկ չեն լինելու։ Հին համակարգը, միևնույն է, տեղի է տալու։ Հարցը, միևնույն է, լուծվելու է, և որևէ մեկը դրա համար իր առողջությանը անդառնալի վնաս հասցնելու կարիքը չունի՚, - գրել է Արարատ Միրզոյանը «Ֆեյսբուքի՚ իր էջում, հավելելով, որ բացի անձնական երաշխավորությամբ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունից, փորձում է հասկանալ մյուս քաղբանտարկյալների հարցում կիրառվելիք ամենաարդյունավետ մեխանիզմները։ «Առաջիկայում այս նպատակով հանդիպելու եմ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, ինչպես նաև Սասնա Ծռերի փաստաբաններին՚, - հավաստիացրել է առաջին փոխվարչապետը։
Գարեգին Չուգասզյանին հացադուլը դադարեցնելու կոչով դիմել են նաև «Սասնա Ծռերը՚` Հիմնադիր խորհրդարանի նախագահին կոչ անելով ավելի ակտիվ պայքար սկսել իրենց ազատ արձակման համար:
Հիշեցնենք` Գարեգին Չուգասզյանը հացադուլը շարունակում է Մատենադարանի շենքի մոտ. հիմնական պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն է: