Արմինֆո.Հայաստանը պետք է դառնա երկիր, որտեղ քաղբանտարկյալներ չկան, ուստի այդ հարցը պետք է գտնի իր լուծումը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթակնա տեսաուղերձում:
Նա նաև ընդգծել է, որ այդ խնդիրը պետք է լուծվի բացառապես օրենքով նախատեսված գործիքների միջոցով: «Մենք այսօր քաղբանտարկյալներ ունենք հենց այն պատճառով, որ նախորդ իշխանությունները զանգահարում էին դատավորներին և ասում, որ այս կամ այն անձին հարկավոր է դատապարտել: Մեզ համար նման եղանակներն անընդունելի են՚, - հայտարարել է Փաշինյանը:
Անդրադառնալով «Սասնա Ծռերի՚ գործերին` վարչապետը նշել է. «Ինձ համար կա երկու տարբեր խնդիր. քաղաքականության հետ առնչվող խնդիր, որտեղ զոհեր չունենք, եւ դեպքեր, որ զոհեր ունենք: Խոսքը վերաբերում է «Սասնա ծռերին»: Այն դեպքերում, որտեղ զոհեր չունենք, շատ հեշտ է հարցը լուծել: Եթե նման հնարավորություն չկա, պետք է մտածենք այդ մարդկանց համաներմամբ ազատ արձակելու մասին կամ կիրառել ներման ինստիտուտը: Սակայն բոլոր այդ հարցերը պետք է լուծել օրինականության սահմաններում: «Սասնա ծռերի՚ գործը մի փոքր այլ է: Այն շատ կարեւոր է համերաշխության մթնոլորտ ձեւավորելու համար: Մենք այս խնդրի վերաբերյալ պետք է հանրային քննարկումներ ունենանք՝ հրավիրելով նաեւ սպանված ոստիկանների հարազատներին: Այդ խնդիրը պետք է լուծենք՝ իրավիճակը ճշգրիտ գնահատելուց հետո, դա շատ նուրբ խնդիր է, եւ որոշակի ընթացակարգեր պետք է անցնի»,- ընդգծել է վարչապետը: