Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների և աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն էր ձեռք բերվել մայիսի 7-ին, երբ երկրի Նախագահը հանդիպել էր իր նստավայրի դիմաց բողոքի ակցիա անցկացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում նաիրիտցիների փաստաբանը ներկայացրել է գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտի» գործին առնչվող դատավորների վերաբերմունքը: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ նաիրիտցիների իրավունքները ոտնահարվում են, դատավորները միտումնավոր ձգձգում են նրանց հայցերի քննությունը:
Նաիրիտցիների ներկայացուցիչները բարձրացրել են նաև գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները: Նրանք նշել են, որ գործարանի խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն ստացել, իսկ նախկին կառավարությունների կողմից այդ ուղղությամբ ձեռնարկված քայլերը, նրանց գնահատմամբ, արդյունավետ չեն եղել:
Արձագանքելով հանդիպման մասնակիցների բարձրացրած հարցերին՝ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ երկրում ձևավորված նոր միջավայրում դատաիրավական համակարգը ևս քայլ առ քայլ պետք է անցնի փոփոխությունների միջով, իսկ ոչ անաչառ դատավորները չպետք է տեղ ունենան համակարգում: Նա տեղեկացրել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաև համակարգի ղեկավարության հետ:
Հանրապետության նախագահը կարևորել է այս խնդիրների քննարկումը կառավարության հետ: Արմեն Սարգսյանը առաջնային խնդիր է դիտարկել գործարանի առկա վիճակի և վերագործարկման հնարավորությունների մասնագիտական վերագնահատումը, ինչպես նաև այդ ուղղությամբ ներդրողների հնարավոր հետաքրքրությունը:
Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունը լիազորել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, որպես «Նաիրիտ -2» 100% -անոց բաժնետերիրոջ, վաճառել շենքերը և կառույցները, ինչպես նաև քիմիական գործարանի տարածքները, որոնք զբաղեցնում են 10.3 հա` 626,9 մլն դրամով (ակտիվները գնահատվել են A-S Investments անկախ գնահատողի կողմից):
Ինչպես նշվում էր հիմնավորման մեջ, գույքային համալիրը երկար ժամանակ չի օգտագործվում և անհույս վիճակում է: Մասնավորապես, նախատեսում էր ստեղծել մեքենաշինական արտադրամաս, մետաղական և փայտե իրերի արտադրության համար, ինչպես նաև կենտրոնացված պահեստ շինանյութերի և հումքի համար, երկաթբետոնե և բետոնե կոնստրուկցիաների արտադրամաս, վարձակալական պահեստներ, հյուրանոցային համալիր, ցուցահանդեսային սրահ և այլն:
«Նաիրիտ» գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑ» ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտի» արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: