Արմինֆո. ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքով անդրադարձել է արցախյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և այդ առնչությամբ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի արձագանքին:
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է և պաշպանության նախկին նախարարի մեղադրանքներին, որ այդ հավաստումը հակասում է Երևանի պաշտոնական դիրքորոշմանը և ջուր է լցնում Բաքվի ջրաղացին, Բաբայանը փաստել է, որ բնականաբար, երբ հակամարտությունը նոր էր ծագում, Հայաստանը հակամարտության կողմ չէր, սակայն հետագա գործընթացները ներքաշեցին վերջինիս՝ դարձնելով անմիջական մասնակից: «Ի սկզբանե հակամարտությունը
ծագել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, սակայն հետո Հայաստանը, կամա թե ակամա, մասնակից կողմ դարձավ: Դա պայմանավորված էր նաև անմիջապես ՀՀ տարածքների նկատմամբ Բաքվի ագրեսիայով: Վերոհիշյալ բոլոր հանգամանքներն ստիպեցին Հայաստանին հակամարտության կողմ դառնալ»,- ասել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը՝ այդ համատեքստում ավելացնելով, որ հարցի էությունն այն չէ, թե Հայաստանը հակամարտության կողմ է կամ ոչ: Նրա համոզմամբ, այսօր կարևոր է Արցախի մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը:
Միաժամանակ Բաբայանը գտնում է, որ Արցախի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը վերականգնելը հեշտ չի լինի, դրա համար կպահանջվեն լուրջ ջանքեր, քանի որ դա ցավագին կլինի Բաքվի համար, և այն ամեն կերպ կհակառակվի դրան: «Ավելին, անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել և այնպես անել, որպեսզի այդ ամենը փակուղի չմտցնի բանակցային գործընթացը»,- ասել է նա:
Բաբայանը խիստ կարևոր է համարում հակամարտությունում համապատասխան ճիշտ տերմինալոգիայի օգտագործումը: Նրա խոսքով, Բաքուն պատահական չի օգտագործում հայ-ադրբեջանական հակամարտություն տերմինը՝այդպիսով փորձելով ցույց տալ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները, ինչպես նաև ազգամիջյան երանգ հաղորդել այդ հակամարտությանը: «Իսկ մենք օգտագործում ենք ղարաբաղա-ադրբեջանական հակամարտւթյուն տերմինը: Հենց այս ձևակերպումն է արտացոլում հակամարտության ողջ էությունը, և, գտնում եմ, ավելի ճիշտ կլիներ այսուհետ օգտագործել հենց այդ տերմինը»,- ասել է Բաբայանը:
Միաժամանակ ԼՂՀ ղեկավարի մամուլի քարտուղարը համոզված է, որ Բաքուն փորձում է շահարկել Փաշինյանի հայտարարությունները: «Մի՞թե Փաշինյանը գերնոր բան է ասել: Բաքվի հիստերիան պայմանավորված է մի շարք գործոններով՝ ներքաղաքական խնդիրներ Ադրբեջանում, այդ երկրում իշխանությունների լեգիտիմության շատ ցածր մակարդակ, Եվրոպայում Բաքվի մասնակցությամբ կոռուպցիոն բացահայտումների շարունակում»,- ասել է նա:
Այն դիտարկմանը, թե արդյոք ասվածից կարելի է եզրակացնել, որ տեսանելի ապագայում դժվար կլինի վերականգնել բանակցությունների լիարժեք ձևաչափը՝ Բաբայանն ասել է, որ այո: «Ադրբեջանն ամեն կերպ կխոչընդոտի դրան: Դրա վառ ապացույցը Բաքվի կոշտ արձագանքն է բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի շուտափույթ վերադարձի անհրաժեշտության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը: Շատ ժամանակ և ջանքեր կպահանջվեն այդ հարցում դրական տեղաշարժերի հասնելու համար»,- ասել է ԼՂՀ նախագահի ներկայացուցիչը:
Այն հարցին, թե արդյոք բանակցային գործընթացին կվնասի Երևանի արտաքին քաղաքական օրակարգում Արցախի միջազգային ճանաչման հարցի ներառումը՝ Բաբայանն ասել է, որ դրանք երկու զուգահեռ գործընթացներ են, որոնք անհրաժեշտ է շարունակել: Նրա խոսքով, պատահական չէ, որ Արցախը մշակել է զարգացման բազմաստիճան ծրագիր, համաձայն որի, այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում տարբեր մակարդակներով՝ միջբուհական փոխգործակցությունից մինչև միջքաղաքային և միջհամայնքային, իսկ այնուհետ՝ միջպետական մակարդակով փոխգործակցությունը:
Ըստ որում, Բաբայանը համոզված է, որ Հայաստանը և Արցախը պետք է միասին գնան դրան: «Արցախը միայնակ չի կարող հասնել այն արդյունքին, ինչի կարող է հասնել՝ Հայաստանի հետ տանդեմով»,- եզրափակել է նա՝ ընդգծելով, որ այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ամենաակտուալ հարցը բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացումն է: