Արմինֆո. Մայիսին 11-18-ը Հայաստանի նկարիչների միությունում անցկացվում է «Պրահան իմ սրտում» լուսանկարչական ցուցահանդեսը:
Երիտասարդ լուսանկարիչ և դիզայներ Ազատուհի (Տաթև) Մնացականյանի լուսանկարների ցուցահանդեսը նվիրված է Պրահա քաղաքին և նրա ճարտարապետությանը: Հեղինակի ստեղծագործությունները ճանաչում են գտել՝ հաջողությամբ հանդես գալով մի շարք միջազգային փառատոններում, այդ թվում` Վենետիկի և Ֆլորենցիայի բիենալեներում, ինչպես նաև մի շարք այլ երկերներում:
Բացի լուսանկարների հիմնական ցուցադրությունից կլինի նաև բացօթյա ինտերակտիվ ցուցադրություն, որտեղ հանդիսատեսը հնարավորություն կունենա հեռադիտակի միջոցով դիտելու Պրահայի համայնապատկերը ներկայացնող լուսանկարներ: Ծրագիրը կոչված է խթանելու միջմշակութային երկխոսությունը, արվեստի լեզվով ներկայացնելու եվրոպական արժեքները և մշակութային ժառանգությունը:
Ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվել է Երևանում Չեխիայի Հանրապետության դեսպանատան կողմից՝ Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված 2018թ.-ի տոնակատարությունների շրջանակներում: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Չեխիայի փոխդեսպան Անի Շագինյանովան, Հայաստանի նկարիչների միության ղեկավար Կարեն Աղամյանը: