


Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությամբ կստեղծվի «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ»: Համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է կառավարության մայիսի 11-ի նիստում:
Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը,
«Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են` ելնելով զինված ուժերի ու սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլաններից գիտատեխնիկական մշակումների խնդիրների իրականացման դրվածքների առաջադրումը, հայրենական արտադրության սպառազինության որոշ տեսակներով արտաքին շուկա դուրս գալու նախադրյալների ստեղծումը:
«Մեր խնդիրն է՝ հասկանալ, թե ինչի կարիք ունեն զինված ուժերը, ինչ իրավիճակ է աշխարհում, որուղղություններն են առաջնահերթ զարգացման համար: Ինստիտուտը կապող օղակ է հանդիսանալու կազմակերպությունների և մշակող ինստիտուտների միջև, որը հստակ ձևակերպելու է խնդիրը»,- նշել է նա: Ինչպես հայտնել է փոխնախարարը, խոսքը ոչ մեծ կառույցի մասին է, անձնակազմի թվաքանակը սկզբնական փուլում կկազմի 10 մարդ, որը կկատարի ոչ թե փոխարինող՝ այլ լրացնող գործառույթ:



