Արմինֆո.Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանությունների թերացումների հետևանքով ձևավորվել են գործոններ, որոնք սահմանափակում էին երկրի հնարավորությունները բանակցային գործընթացում:
Մայիսի 11-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է միջազգայնագետ, ԱԺ արտաքին կապերի հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Նա հայտարարել է, որ Հայաստանի հիմնական վրիպումներն սկսվեցին այն պահից, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն սկսեց իրեն դիրքավորել որպես և Արցախի, և Հայաստանի ներկայացուցիչ: Այդպիսով, որոշ ժամանակ անց ԼՂՀ դադարեց մասնակցել բանակցություններին: «Այնուհետև պետության ղեկավարի պաշտոնն զբաղեցրեց մարտի 1-ի իրադարձությունների միջոցով իշխանության եկած մարդ, որը չէր կարող ներկայացնել ոչ միայն Ղարաբաղի, այլև հենց Հայաստանի շահերը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դարձել ժողովրդի կողմից ընտրվելու միջոցով: Շատ կարևոր է այն փաստը, որ իր առաջին այցը Փաշինյանը կատարեց հենց Արցախ, և չափազանց կարևոր է բանակցությունների սեղանի շուրջ ղարաբաղյան կողմի վերադարձի մասին նրա հայտարարությունը՚, - ընդգծել է Իգիթյանը: