


Արմինֆո. Հայաստանի քաղաքացիների 99,1%-ը դրական է գնահատել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» շարժումը: Մայիսի 11-ին մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Հայաստանում «GALLUP International association»-ի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը` ներկայացնելով «Թավշյա հեղափոխության թվային արտացոլանք» հարցման արդյունքները:
Մայիսի 4-9-ն անցկացված հարցման արդյունքների համաձայն, հարցմանը մասնակցած քաղաքացիների 86 տոկոսը հետևել է «Իմ քայլը» շարժմանը: Հարցվածների 69.8 տոկոսը շարժման ընթացքում ծավալվող իրադարձություններին հետևել է հեռուստատեսության, 65.5 տոկոսը ֆեյսբուքի, 65.3 տոկոսը էլեկտրոնային ԶԼՄ-ների միջոցով: Քաղաքացիների 18.3 տոկոսն էլ անձամբ է մասնակցել ցույցերին: Ինչպե՞ս եք մասնակցել «Իմ քայլը» շարժմանը հարցին` հարցվածների 30.5 տոկոսը պատասխանել է, որ ավտոմեքենայով ձայնային ազդանշաններ է տվել, 30.9 տոկոսը աշխատանքի չի գնացել, 18.4 տոկոսը դասադուլ է արել, 21.9 տոկոսը մասնակցել է շերեփների ակցիային, 40.9 տոկոսը ճանապարհներ և խաչմերուկներ է փակել, 75.6 տոկոսը հետևել է շարժմանը ֆեյսբուքի միջոցով, 43.8 տոկոսը մասնակցել է հանրահավաքների իր բնակավայրում, իսկ 44.5 տոկոսը՝ մայրաքաղաք Երևանում:
«Իմ քայլը» շարժման ընթացքում հարցվածների 87.1 տոկոսը դրական է արձագանքել ցուցարարների կողմից ճանապարհների եւ խաչմերուկների փակմանը՝ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակմանը: Ցուցարարների վարքագծի վերաբերյալ էլ դրական է արձագանքել հարցվածների 98.3 տոկոսը: «Իմ քայլը» շարժման ընթացքում ոստիկանության գործողություններն ավելի շուտ դրական է համարել 48.7 տոկոսը, բացասական՝ 11.5 տոկոսը:
Հետազոտությունն անցկացվել է հեռախոսային հարցումների միջոցով՝ 809 քաղաքացու շրջանում: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզում եւ Երեւանի բոլոր համայնքներում` Երեւանում` 33%, մարզերում` 67%: Հարցման շեղումը 3,5% է:



