Արմինֆո.Ձևավորվող կառավարության գլխավոր խնդիրը թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը և կոռուպցիայի վերացումը պետք է լինի: Այդ մասին մայիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Իգիթյանը նշել է, որ ներկայումս շատ բանավեճեր են տեղի ունենում Հայաստանի նոր կառավարության կազմի շուրջ: Սակայն, նոր կառավարությունը պետք է դիտարկել ոչ միայն դրա կազմի տեսանկյունից, այլ՝ թե ինչ խնդիրներ են վերջինիս առջև դրված: Առաջնահերթ խնդիրը վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: «Պետք է հիմնովին նախապատրաստվել առաջիկա ընտրություններին: Պետք է ամբողջովին բացառել կաշառք բաժանելու, վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունը»,- հայտարարել է Իգիթյանը:
Ժամանակավոր կառավարության ևս մեկ կարևորագույն խնդիրն Իգիթյանը համարել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելը:
Նա նաև նշել է, որ ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարների նշանակումը նույնպես կապված է առաջիկա ընտրությունների, ինչպես նաև ավելի գլոբալ խնդիրների հեը: «Նիկոլ Փաշինայնը նույն խնդրի առջև է կանգնել, ինչ ՀՀՇ-ն ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ երկրում կային կադրեր, ովքեր, սակայն ծառայել են կոմունիստական կուսակցությանը և չեն ցանկացել այլընտրանք տեսնել վերջինիս»,- նշել է փորձագետը՝ հույս հայտնելով, որ նոր ոստիկանապետը բոլոր ջանքները կգործադրի թափանցիկ ընտրություններ անցկացնելու և ոստիկանության անմիջական գործառույթներն իրականացնելու համար: