
Արմինֆո.«Մեր հեղափոխությունը նոր էջ է բացում Հայաստանի պատմությունում՚, - «Ֆեյսբուքի՚ իր էջի միջոցով ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Արթուր Վանեցյանին ԱԱԾ ղեկավարի և Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոններում նշանակելուց հետո:
«Հեղափոխությունից առաջ ես ու Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը, մենք և ոստիկանությունը ֆիզիկապես գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում, և ես մտածեցի, որ այս որոշումը պետք է խորհրդանշանական նշանակություն ունենա: Պետք է բոլորս այս որոշումից հետո նույն կողմում հայտնվենք: Սա խորհրդանշական է, և պետք է փշալարերի մշակույթը փորձենք Հայաստանի Հանրապետությունից վերացնել: Հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը, որովհետև այսօր ոստիկանությունից շատ բան է կախված, մասնավորապես, իրավակարգի, օրինականության, քաղաքացու ինքնազգացողության առումով՚, - ընդգծել է վարչապետը, հավելելով, որ Վալերի Օսիպյանի առջև շատ հստակ խնդիրներ են դրել. ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս զգացողությանը:
ԱԱԾ գործառույթներից վարչապետն առանձնացրել է հատկապես երկուսը: «Ըստ էության, այն գործառույթները, որոնք կապված են հակահետախուզության, հետախուզության հետ՝ ԱԱԾ-ն պետք է լիարժեք կատարի, որովհետև սա անվտանգության արտաքին կոմպոնենտն է: Գիտեք, որ ԱԱԾ-ն զբաղվում է հիմնականում մաքսային գործառույթներով, մաքսանենգության հետ կապված հանցագործություններով, և ԱԱԾ առաջիկա խնդիրներից պետք է լինի ընդհանրապես բացառել մաքսային ոլորտում որևէ կարգի չարաշահումը: ԱԱԾ-ն պետք է լրջագույն գործառույթներ իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում: Իհարկե, սա վերաբերում է նաև ոստիկանությանը, և մենք պետք է կոռուպցիան ուղղակի արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունից ու դա պետք է անենք շատ արագ, չափազանց արագ: ՀՀ քաղաքացիներն ամեն օր դա պետք է զգան: Այս գործառույթների իրականացման մակարդակից է կախված լինելու ոստիկանության պետի և ԱԱԾ-ի աշխատանքի գնահատականը: Մեզ պետք են լինելու արդյունքներ, ժողովրդին պետք են տեսանելի արդյունքներ, և մենք այս պահից սկսած և հետագայում պաշտոնյային գնահատելիս պետք է ելնենք այն արդյունքներից, որոնք նրանք ցույց կտան՚, - ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ կադրային այս նշանակումների իմաստը ՀՀ քաղաքացիների կյանքն առավել անվտանգ, իրավունքներն առավել պաշտպանված դարձնելն է: