Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եւ ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին զբաղեցրած պաշտոններից ազատելու վերաբերյալ:
Առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել էր պաշտոններից ազատել Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին: «Հենց նոր ստորագրեցի Վլադիմիր Գասպարյանին ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը»,- «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել էր Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Վլադիրմիր Գասպարյանը ոստիկանապետի պաշտոնն զբաղեցնում էր 2011 թվականի նոյեմբերից, իսկ Գեորգի Կուտոյանը ԱԱԾ ղեկավար էր 2016 թվականի փետրվարից:
Նախօրեին մամուլի ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին որոշում կկայացվի առաջիկա օրերի ընթացքում: «Ես քննարկում եմ ուժային կառույցների ղեկավարների նշանակման հարցում մի քանի տարբերակներ, և առաջիկա օրերին որոշում կկայացնեմ»,- հայտարարել էր նա: Շրջանառվող լուրերի համաձայն, ԱԱԾ նոր ղեկավար կդառնա Ֆելիքս Ցոլակյանը, ով մայիսի 1-ին, չնայած ՀՀԿ խմբակցության որոշմանը, կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: «Քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով»,- «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել էր նա: