Արմինֆո.Ապրիլի 26-ից սկսվել է Կոնվերս Բանկի պարտատոմսերի՝ 2018թ առաջին թողարկման տեղաբաշխումը: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով պարտատոմսերին զուգահեռ թողարկվել են նաև Եվրո արժույթով պարտատոմսեր:
Աղբյուրի համաձայն, դրամային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 3 մլրդ դրամ է՝ տարեկան 9,5 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ: Դոլարային պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 10 մլն ԱՄՆ դոլար է՝ տարեկան 5,25 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ: Եվրո արժույթով պարտատոմսերի թողարկման ընդհանուր ծավալը 5 մլն Եվրո է՝ տարեկան 4 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Բոլոր արժույթներով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է՝ նախորդ թողարկումների 24 ամիս ժամկետի փոխարեն: Արժեկտրոնների վճարման պարբերականությունը կիսամյակային է:
Պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսված է 2018 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ ֆոնդային բորսայի կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
Մանրամասները՝ https://conversebank.am/en/amdbondsnewissue/,
https://conversebank.am/en/usdbondsnewissue/, https://conversebank.am/en/eurbondsnewissue/հղումներով:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ի դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում շրջանառվում են Կոնվերս Բանկի կողմից 2017 թվականի մայիսին, օգոստոսին և հոկտեմբերին թողարկված եչկու դոլարային տրանմշները`$ 6 մլն և $ 4 մլն ծավալներով, և մեկ դրամային տրանշը`1 մլրդ ՀՀ դրամ ծավալով: Դոլարային պարտատոմսերի եկամտաբերությունը կազմել է 5.75% և 5.25%, իսկ դրամով թողարկումներինը`10.5%: Երեք թողարկումների համար էլ շրջանառության ժամկետը սահմանված է 2 տարի, իսկ արժեկտրոնային վճարումները տրամադրվում են յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ:
Նշենք, որ Կոնվերս Բանկ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Իսկ Բանկի 100% բաժնետոմսերի անուղղակի բաժնետերն է Holding Company «Blakery Assets» LTD: 2018 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկի ակտիվները կազմել են 251.5 մլրդ.դրամ, պարտավորությունները`215.1 մլրդ.դրամ, ընդհանուր կապիտալը`36.5 մլրդ.դրամ: