Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը:
Հայաստանի վարչապետի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, Լիտվայի վարչապետի ուղերձում ասվում է. «Ես սրտանց մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Հանրապետության նորանշանակ կառավարության ղեկավարման դժվարությունները հաղթահարելու գործում: Մենք շահագրգռված ենք Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ համագործակցության հետագա ակտիվ զարգացմամբ՝ ի նպաստ մեր երկրների տնտեսական բարգավաճման և փոխադարձ առևտրի աճի: Մենք մեծապես աջակցում ենք Հայաստանի և Եվրոպական Միության միջև երկխոսությանը, որը նպատակ ունի ամրապնդելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների հանդեպ հարգանքը ձեր երկրում: Մենք ողջունում ենք 2017 թվականին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, ինչը հաղորդում է նոր ուժեղ ազդակ վերոնշյալ նպատակներին հասնելու գործին»: