


Արմինֆո.«Թավշյա հեղափոխությունը» Հայաստանում պետք է տրամաբանական ավարտին հասցվի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման տարեդարձին: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով գործողությունների իր ծրագիրը:
Նրա խոսքով, Հայաստանում խաղաղ հեղափոխությունը զարմացրել է ամբողջ աշխարհին: Հանրապետության հեղինակությունը զգալիորեն բարձրացել է, և այդ փաստը բացառիկ հնարավորություն է երկրի զարգացման համար: Փաշինյանը դիմել է արցախցիներին՝ հայտարարելով, որ սիրո և համերաշխության հեղափոխությունը նոր հնարավորություններ է բացում Արցախի և նրա բնակիչների համար: Նրա խոսքով, նոր իշխանությունը բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դե-յուրե միջազգային ճանաչման համար:
Փաշինյանը նշել է, որ նոր կառավարությունը կձգտի ձևավորել երկիր, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առջև: «Հայաստանում արտոնյալներ չեն լինելու և վերջ: Ընտրակաշառք չի բաժանվելու և վերջ, տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուրը կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով և վերջ: Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու և վերջ: Որեւէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու»,- հայտարարել է Փաշինյանը:



