Արմինֆո.Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը դժվարացել է ասել, թե արդյոք երկրում իշխանափոխությունը կարող է ազդել Բաքվի հետ երկխոսության վրա:
Նրա համոզմամբ, այդ հարցի պատասխանը միայն Աստված գիտի:
«Էխո Մոսկվի»-ին հարցազրույցում այն դիտարկմանը, որ այսօր դա ամենաշատ հուզող հարցն է՝ Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Բնականաբար: Առաջինը՝ մեզ մոտ չափազանց շատ են «եթե»-ները: Մայիսի 8-ին տեղի կունենա խորհրդարանի նիստը: Եթե պարոն Փաշինյանն ընտրվի վարչապետ, ինչի հավանականությունը շատ բարձր է, Սահմանադրությունն ու օրենքները մեզ մոտ այնպիսին են, որ ողջ գործադիր իշխանությունը գտնվում է վարչապետի ձեռքում: Այսինքն՝ քաղաքական ծրագիրը պետք է որոշվի կառավարության շրջանակներում: Այլ բան է, որ հաշվի առնելով իմ դիվանագիտական փորձը և միջազգային հարցերում փորձը, նրանք կարող են դիմել ինձ: Եվ ես ուրախ կլինեմ արտահայտել իմ կարծիքը: Եվ ես շատ հստակ կարտահայտեմ իմ կարծիքը, եթե տեսնեմ, որ գործընթացները գնում են Սահմանադրության, օրենքի կամ ժողովրդի շահերի խախտման ուղղությամբ»:
Նա չի մեկնաբանել նաև հայ հասարակության մտավախությունները, որ Ադրբեջանում կարող են օգտվել Հայաստանում ստեղծված իրավիճակից: Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անձամբ է ճանաչում և բավական լավ: «Բայց իրավիճակն ու քաղաքականությունն այնպիսին են, որ շատ զգայուն պահ է, այսինքն՝ Արցախում լարվածության աճը որևէ դեպքում բացառել չի կարելի։ Դա նշանակում է, որ առաջին իսկ օրից կառավարությունը պետք է լրջորեն զբաղվի սահմանների անվտանգությամբ»,- ասել է Սարգսյանը: Այս առումով նա անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ հարաբերություններին:«Ռուսաստանի Հայաստանի ռազմավարական և ռազմաքաղաքական գործընկերն է: Բոլորին հայտնի է, որ Հայաստանի բանակը շատ մոտ է ռուսական բանակին, և մեր բանակը տեխնիկապես հագեցվում է Ռուսաստանի կողմից: Բացի այդ, Հայաստանն ու Ռուսաստանը անվտանգության նույն կազմակերպության անդամներ են: Կարող եմ ասել, որ Հայաստանի տարածքում գտնվող ռազմակայանն անհրաժեշտ է Հայաստանին և ռուս-հայկական հարաբերություններին»,- ասել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ պայքարելու է, որպեսզի բարեկամական, եղբայրական և ռազմաքաղաքական հարաբերությունները սերտ մնան: