Արմինֆո.System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով ժամը 20.00-ին ժամանեց Հայաստան, Հայաստանում ընթացող իրադարձությունները որակավորեց որպես գեղեցիկ հեղափոխություն:
Միևնույն ժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ բողոքի ալիքը բարձրացավ, քանի որ եկավ դրա ժամանակնը: «Վրա հասավ ժամանակը: Երբ այդ ժամանակը վրա է հասնում, ժողովուրդը ելնում է, և ոչինչ չի կարող նրան կանգնեցնել: Սփյուռքահայերն արդեն երկու շաբաթ կորցրել են քունն ու հանգիստը և մեծ ուշադրությամբ հետևում Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին», - ասել է երաժիշտը:
Նա հավելել է, որ Սփյուռքը մեծ ակնկալիքներ ունի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից: Թանկյանին օդանավակայանում դիմավորել է Նիկոլ Փաշինյանը և մի քանի հարյուր երկրպագուներ:
Թանկյանն օդանավակայանից, Փաշինյանի ուղեկցությամբ, ուղղվել է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը: