Արմինֆո. Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը հավանաբար կդառնա Հայաստանի վարչապետ և, անշուշտ, կբախվի մի շարք մարտահրավերների, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:
«Հաշվի առնելով Փաշինյանի՝ պետական կառավարման փորձի և սեփական թիմի բացակայությունը, դեռ այնքան էլ պարզ չէ, թե ինչպես է նա այդ ամենը հաղթահարելու: Միաժամանակ Փաշինյանի քաղաքական միությունը Հայաստանի խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանի հետ, այնուամենայնիվ, պակաս համոզիչ են դարձնում օլիգարխիկ համակարգը կոտրելու նրա կարգախոսները: Հասկանալի է, որ ներկայիս և ապագա մարտավարական դաշնակիցներն անխուսափելիորեն ցանկանալու են վճարվել լոյալության դիմաց: Այս առումով խիստ կարևոր է, որ հայ հասարակության ներկայիս էյֆորիան հերթական դառը հիասթափության չվերաճի»,- ընդգծել է փորձագետը:
Մեկնաբանելով հանրապետության արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխման հնարավորությունը՝ Արեշևը ենթադրել է, որ ազգային անվտանգության ամրապնդման տեսակետից օպտիմալ, պրագմատիկ մոտեցումը կպահպանվի Հայաստանում ցանկացած իշխանության օրոք՝ հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը:
Ընդհանուր առմամբ Հայաստանում իշխանափոխության պատճառները փորձագետը տեսնում է նախկին իշխանության անխոհեմ քաղաքականության, ավելի վաղ Սերժ Սարգսյանի հրապարակայնորեն հայտնած պարտավորությունների խախտման, ինչպես նաև 2008 թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձութունների հնարավոր կրկնման մասին նրա ակնարկի մեջ: Այս առումով Արեշևը հիշեցրել է, որ բազմիցս կասկած է հայտնել ՀՀ Սահմանադրության բարեփոխման նպատակահարմարության առնչությամբ՝ կապված կառավարման խորհրդարանական կարգի հանրապետության անցման հետ:
Ընդհանուր առմամբ Հայաստանի վերջին իրադարձությունները փորձագետը բնորոշում է՝ որպես ներքաղաքական սուր ճգնաժամ՝ պայմանավորված վերջին տարիներին կուտակված խնդիրներով: Նրա խոսքով, դրանց թվում են՝ կոռուպցիան, սոցիալական շերտավորման և գործազրկության բարձր մակարդակը, զանգվածային արտագաղթը, հասարակությունում ապատիայի առաջացմանն ուղղված իշխանությունների գիտակցված ուղեգիծը: