
Արմինֆո. Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմին:
Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական բարեկամական հարաբերությունները և հույս հայտնել, որ Սիրիայում ի վերջո կհաստատվի խաղաղություն և կայունություն: Երկու երկրների հարաբերություններում կարևորվել է սիրիահայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անքակտելի մասն է և տասնամյակներ շարունակ մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում: Սիրիայի դեսպանը վստահեցրել է, որ իր երկրում մեծ հարգանք վայելող հայկական համայնքը մշտապես եղել և շարունակում է մնալ Սիրիայի իշխանությունների ուշադրության կենտրոնում: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ստեղծված իրավիճակի շուրջ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է նաև Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների, որոնց հետ քննարկվել են համայնքին հուզող խնդիրները և դրանց լուծման ուղիները: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը: Բաց և անմիջական զրույցի ժամանակ արծարծվել են Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, կրթության, առողջապահության, ինչպես նաև տնտեսության և բիզնեսի ոլորտների հարցեր, որտեղ շատ հաճախ սիրիահայերն իրենց հմտությամբ և աշխատասիրությամբ փոխում են մթնոլորտը: Սիրիահայերը բարձր են գնահատել ճգնաժամի օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Հանդիպման ժամանակ բարձրացվել են նաև հայ-սիրիական առևտրատնտեսական համագործակցության խթանման, Հայաստանում սիրիական ներդրումների համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու և գործարարների տեղաշարժի դյուրացման հետ կապված որոշ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ հետագայում ևս շարունակել քննարկումները տարբեր ձևաչափերով: Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամը հաղթահարելուց հետո հայերը լիովին կլծվեն իրենց զույգ հայրենիքների շենացման գործին: