Արմինֆո. «Ելք՚ դաշինքի ներկայացուցիչները չեն քննարկել նոր կառավարության կազմում իրենց մասնակցության հարցը: Մայիսի 4-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է «Ելք՚ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք ակնկալում ենք, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ, իսկ դրանից հետո արդեն կսկսենք այն հարցի շուրջ քնարկումները, թե ինչպես ձևավորել կառավարություն և ձեռնամուխ լինել Ընտրական օրենսգրքի բարեփոխմանը՚, - նշել է Մարուքյանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մայիսի 8-ից հետո կազուսներ չեն լինի այն առնչությամբ, որ խորհրդարանում այսուհետեւ ընդդիմություն չի լինի, ինչը, սակայն, օրենքի պահանջ է, Մարուքյանը նշել է, որ այդպիսի խոսակցություններն առայժմ լուրջ չեն, քանի որ վարչապետը դեռչի ընտրվել: Պատգամավորը նաև նշել է, որ ամեն դեպքում ստիպված են լինելու քննարկել ՀՀԿ որոշումները, քանի որ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի Ազգային ժողովում, և առանց նրա համաձայնության ոչ մի օրինագիծ չի հաջողվի ընդունել: «Ցանկանում եմ նշել, որ միջազգային պրակտիկայում արդեն եղել են դեպքեր, երբ վարչապետը խորհդրարանում փոքրամասնություն է ներկայացրել: Ինչևէ, սա ժամանակավոր իրավիճակ է: Երբ 3 խորհրդարանական խմբակցություններ թեկնածու են առաջադրում, իսկ չորրորդը, որը տվյալ պահին մեծամասնություն է, պաշտպանում է այդ թեկնածությունը, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն՚, - նշել է նա:
Պատգամավորը նաև հայտարարել է, որ արտահերթ խորհրդարնական ընտրություններ կարելի է նախապատրաստել և անցկացնել մինչև աշուն: Մարուքյանը հայտարարել է, որ առայժմ չի քննարկվել նաև այն հարցը, թե արդյոք «Ելք՚ դաշինքը վաղաժամկետ ընտրությունների կգնա միասին: Հիշեցնենք, որ «Ելք՚ դաշինքում միավորված են «Քաղաքացիական պայմանագիր՚, «Լուսավոր Հայաստան՚ և «Հանրապետություն՚ կուսակցությունները: