Արմինֆո.Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար: «Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար:
Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականը և խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից», - նշել է Կարեն Կարապետյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են ընթացիկ հարցեր: «Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե ոչ»,-ասել է Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գազպրոմ էներգահոլդինգ՚ ՍՊԸ միջազգային նախագծերի գծով գլխավոր տնօրենի տեղակալի, դրանից առաջ «Գազպրոմ Արմենիայի՚ ղեկավարի պաշտոններն զբաղեցրած Կարեն Կարապետյանը 2016 թվականի սպետեմբերի 13-ին նշանակվել էր Հայաստանի վարչապետի պաշտոնում: Ինչպես կարծում են անկախ դիտորդները, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ին հաջողվեց ավելի դյուրին դարձնել իր հաղթանակը հենց Կարեն Կարապետյանի շնորհիվ, ով այդ շրջանում դարձել էր ՀՀԿ քարոզարշավի «դեմքն ու ձայնը՚: Կարեն Կարապետյանը շարունակում էր պաշտոնավարել որպես վարչապետի պաշտոնակատար մինչև 2018 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը, ինչից հետո նշանակվել էր առաջին փոխվարչապետի պաշտոնում: