Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդառաջելով վարկառուներին, հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Հարգելի հաճախորդներ, Տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ վարկերի ժամանակացույցով նախատեսված վարկի մարումները կարող եք իրականացնել մինչև 2018 թվականի մայիսի 31-ը ներառյալ: Նշված ժամկետում վճարումներ չկատարելու դեպքում վարկերը չեն համարվի ժամկետանց, չեն դասակարգվի և չեն կիրառվի տույժեր և տուգանքներ: Իսկ արտոնյալ ժամանակահատվածով վարկային քարտերի արտոնյալ ժամկետները կհետաձգվեն մինչև մայիսի 18-ը ներառյալ (Classic քարտերի համար նախատեսված մայիսի 5-ի, Gold քարտերի՝ մայիսի 10-ի և Infinite քարտերի՝ մայիսի 15-ի փոխարեն):
Տեղեկացնում ենք նաև, որ վարկի մարումները կարող եք իրականցնել ոչ միայն Բանկի մասնաճյուղերում, այլ նաև Telcell, Easy Pay վճարային տերմինալների միջոցով և օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ և Մոբայլ բանկ ծառայություններից»,- ասված է ՎՏԲ-Հայաստան Բանկի հայտարարության մեջ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշների, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման ծավալներով 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվում է առաջատարների եռյակում, արձանագրելով 90.4 մլրդ դրամ ծավալ ($ 186,8 մլն), տարեկան աճը`15.9%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախի մասնաբաժինը կազմել է մոտ 53%: Իսկ շուկայի մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը կազմել է 11%: Սպառողական վարկերի գծով Բանկն զբաղեցնում է 2-րդ տեղը`77.2 մլրդ դրամ (159.6 մլն դոլար) կամ վարկային պորտֆելի 46.6%-ը: ՎՏԲ-Հայաստան Բանկը սպառողական վարկերի ծավալը տարեկան կտրվածքով ավելացրել է 23.3%: Շուկայի սպառողական վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը գերազանցում է 13%-ը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: