Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դիմել է Հայաստանի քաղաքացիներին՝ կոչ անելով դադարեցնել ԱԺ պատգամավորների նկատմամբ աղաղակող ապօրինությունները
«Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին եւ հատկապես այսօր Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ իրականացվում են աղաղակող ապօրինություններ, ինչի հետեւանքով խաթարվում է Ազգային ժողովի բնականոն գործունեությունը: Հորդորում եմ ցուցաբերել զսպվածություն, հրաժարվել սոցիալական ցանցերում, փողոցներում եւ հանրային այլ վայրերում Ազգային ժողովի պատգամավորների հասցեին վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելուց, դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների հեռախոսահամարների եւ հասցեների հրապարակումը:
Հորդորում եմ դադարեցնել Ազգային ժողովի պատգամավորների բնակարանների ապօրինի շրջափակումը, ձեռնպահ մնալ Ազգային ժողովի պատգամավորների անձնական կյանքի միջամտություններից:
Նմանատիպ գործողությունները չեն կարող հանգեցնել որեւէ դրական տեղաշարժի, չեն կարող տեւական ժամանակ հանդուրժվել պետական մարմինների եւ մեր քաղաքացիների կողմից:
Մեկ անգամ եւս հորդորում եմ մեր բոլոր քաղաքացիններին եւ հատկապես երիտասարդությանը` ցուցաբերել ողջախոհություն, զսպվածություն եւ հանդուրժողականություն»,- ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հայտարարության մեջ: