Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեկ շաբաթ անց վարչապետի ընտրության ժամանակ կրկին դեմ կքվեարկի Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը, լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել «Ծառուկյան դաշինք» խմբակցությունից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Դրանից հետո, Սահմանադրության համաձայն, խորհրդարանը կցրվի և կանցկացվեն արտահերթ ընտրություններ»,- նշել է Զոհրաբյանը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀԿ-ն «ռեբրենդինգ» կանի և ընտրություններին կմասնակցի նոր իմիջով: Նրա կարծիքով, այժմ ՀՀԿ համար գլխավորը որքան հանարավոր է շուտ նոր ընտրություններ կազմակերպելն է, քանի դեռ վարչական իշխանությունը գտնվում է իր վերահսկողության տակ: «Սակայն, արդեն հիմա միանշանակ է, որ Հանրապետական կուսակցություն այլևս չկա»,- նշել է Զոհրաբյանը:
Մեկնաբանելով այսօր խորհրդարանի հերթական նիստի ձախողումը՝ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ հանրապետականները հատուկ են ձախողել այն, որպեսզի խուսափեն Ազգային ժողովում կրքերի բորբոքումից: «Նրանց նպատակն է՝ մինչև մայիսի 7-8-ը չապահովել քվորում»,- հայտարարել է պատգամավորը:
Անդրադառնալով իշխանությունների հավաստումներին, որ ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ է՝ Զոհրաբյանը նշել է, որ դրանում մեղավորը ոչ թե ժողովրդական շարժումն է, այլ՝ երկրի ղեկավարությունը, որը չի վերահսկում իրավիճակը: